Անհրաժեշտ է բնակարան

73371_10151531775127777_594872034_n

Արդեն 18 տարի է, ինչ 30-ամյա Սասուն Մանուկյանը վարձով է բնակվում Երևանում: Նրա ծնողները տեղափոխվել էին Երևան բարձրագույն կրթություն ստանալու նպատակով և հաստատվել այստեղ: Այսօր Սասունի ընտանիքն են կազմում կինը, 2 երեխաները և ծնողները: «Տուն ձեռք բերելու մասին շուտվանից էինք մտածում, սակայն մի քանի տարի առաջ դա այդքան էլ հեշտ չէր,- պատմում է Սասունը,- հիմա վերջապես կարող ենք հասնել մեր ներկայիս նպատակին՝ օգտվելով «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրից»:

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը մշակել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ և ՀՀ կենտրոնական բանկի մասնակցությամբ: Ծրագրին կարող են մասնակցել.

  1. Հայաստանի Հանրապետության 18-30 (ներառյալտարեկան քաղաքացիները.
  2. ընտանիք, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը  (ներառյալ), և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, կամ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնող, որի տարիքը չի գերազանցում 30-ը (ներառյալ).
  3. պետական աջակցություն` ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվող ֆինանսական աջակցություն.
  4. շահառու` ծրագրին մասնակցելու իրավունք ստացած երիտասարդ ընտանիք:

Վարկը տրամադրվում է  նվազագույնը 10 տարի ժամկետով,  բնակարանի արժեքը չպետք է գերազանցի 16մլն. դրամը, որից Երևանում 2, մարզերում՝ 4%-ը սուբսիդավորում է պետությունը: Նախնական վճարը կազմում է բնակարանի արժեքի 30%-ը և  ամուսինների ամսական եկամուտը չի կարող գերազանցել 500.000 դրամը:

«Ամենաբարդը նախնական գումարը ձեռք բերելն է,- նշում է Սասունը,- բարեբախտաբար ունեմ լավ ընկերներ, ովքեր կարող են ինձ օգնել, մի հողատարածք Արմավիրի մարզում, որը կարելի է վաճառել, մի քիչ կուտակած գումար և վարկ կվերցնեմ բանկից»:

Հողատարածքը ծնողների ունեցվածքն է, ընկերները ձեռք են բերվել ամբողջ կյանքի ընթացքում, իսկ գումարը կուտակել հաջողվել է բավական երկար ժամանակում և մեծ դժվարությամբ: Դա հասկանալու համար մի քիչ պատմենք Սասունի մասին:

Սասունն աշխատելու առաջին փորձերը կատարել է 15 տարեկանից: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարան, որտեղ ուսումը կիսատ է թողել, ապա ընդունվել իրավաբանական ֆակուլտետ: Սովորելուն զուգահեռ նա նաև աշխատում էր, քանի որ ստիպված էր անձամբ վճարել ուսման վարձը,  և դա նրան հաջողվում էր: Սակայն, դժբախտաբար, երբ նա արդեն կուտակել էր իր ուսման վարձը, կանգնեց մի ծանր ընտրության առջև. վճարել կրթությա՞ն համար, թե՞ հոր վիրահատության: Սասունը որոշեց ուսումն անավարտ թողնել:

ՀՀ Զինված ուժերում ծառայելուց հետո Սասունը աշխատել է որպես համակարգչային օպերատոր – դիզայներ, ապա նաև որպես հնչյունային ռեժիսոր, աշխատել է նաև սպասարկման ոլորտում: Ներկայումս արդեն 2 տարի է` աշխատում է ոստիկանությունում՝  ներգրավված լինելով հասարակական կարգի պահպանության մեջ:

Ընտանիքում Սասունը միակ աշխատողը չէ: Աշխատում են և՛ կինը, և՛ մայրը, և՛ հայրը: Վարկը մարելու համար անհրաժեշտ կլինի 10 տարի, սակայն Սասունը վստահ է. «18 տարի վարձով ապրելուց հետո համոզված եմ, որ 10 տարին ընտանիքիս և ինձ համար այնքան արագ կթռչի, որ չենք էլ հասցնի նկատել»:

«Ես մրցակից չունեմ Վերնիսաժում»

Երևանի թանգարանային կենտրոն Վերնիսաժը հայտնի է իր  հնաոճ իրերով, ձեռագործ աշխատանքներով, նկարներով, պերճանքի առարկաներով, հուշանվերներով և արվեստի այլ նմուշներով: Երաժշտական գործիքներից, գորգերից  զատ, ազգային նկարագիրը պատկերող աշխատանքներում ուշագրավ են հայկական կոլաժները, ասել է, թե՝ իրականության մասնիկ պարունակող արհեստական աշխատանքները: Դրանք նկարիչ-բուտաֆոր Աբրահամ Խաչատրյանի ստեղծագործություններն են:

Վերնիսաժ

65-ամյա վարպետը հիշում է՝ 1993 թ.-ի մայիսի 28-ն էր՝ եկավ, «հաստատվեց» Վերնիսաժում: Նա առաջիններից էր այդ ժամանակ: Մինչ այդ, Երևանում՝ Հ.Թումանյան փողոցի վրա էր իր սրահը, որտեղ ստեղծագործում էր մեծ սիրով ու հաճույքով: Ընտրել է նկարչի  մասնագիտությունը, որովհետև մեծ ցանկություն ուներ տարածելու հայկական մշակույթը: Իտալիայում և Ավստրիայում ցուցահանդես-վաճառքների ժամանակ իր գործերը ներկայացնելուց զատ, 2000թ. Լուգանսկում ժողովրդական ստեղծագործությունների մրցույթում գրավել է առաջին տեղը:

Աբրահամ Խաչատրյանն ստեղծագործում է հիմնականում խոհանոցային թեմաներով. մեղրը, կարագը, լավաշը, խորովածը, կանաչին նրա գործերի կարևոր բաղադրիչներ են: Բնական հիմքից են պատրաստված հայկական խորհրդանիշները՝ լավաշը, նուռը: Ավելի շատ պահանջարկ ունեն փոքր գործերը, որոնց հետնամասում մագնիս է ամրացված, իսկ առավել մեծ գործերը՝ մինչև 15 մ երկարությամբ, պահանջված են նաև  ռեստորաններում: Մեծ մասամբ իր մոտ գնումներ անում են ռուսները և սփյուռքահայերը: Հուզմունքով է հիշում՝ ինչպես 90-ականներին մի կույր գնորդ ամուսնու հետ գալիս էր իր մոտ և շոշափելով գնում իր ստեղծագործություններից:

«Գնորդների տեսադաշտը, ցավոք, այնքան էլ բաց չէ՝ նկատելու իմ կոլաժները, որոնց միակ  վաճառողն այստեղ ես եմ: Մյուսները պատրաստի նյութերից են օգտվում, իսկ ես ինքս եմ պատրաստում ամեն դետալ: Ես մրցակից չունեմ Վերնիսաժում», – ասում է վարպետը:

Ցավով է նշում նաև, որ եթե առաջ՝ խորհրդային տարիներին, ժողովրդական վարպետները տեղի համար չէին վճարում, հիմա անցել են այդ ժամանակները: Բացի այդ, վերնիսաժի որոշ մասերում տեղադրված ծածկից իր տաղավարը դեռ չունի, և հայկական մշակույթը կրող կոլաժների յուրօրինակ նմուշներն այնքան էլ ապահով չեն անձրևների ժամանակ: Սակայն զավեշտով է պատմում աշխատանքային 20 տարիների ընթացքում ուժեղ քամիների ժամանակ իրենց տաղավարը պաշտպանելու դժվար փորձերը, որոնք նմանեցնում է առագաստային մարզաձևով զբաղվելուն:

Վերնիսաժում աշխատում է թեև կարիքից դրդված, բայց հաճույքով, իսկ հետաքրքրությունը հիմնականում մարդկանց հետ հաղորդակցվելն է: Չնայած հիմա ժամանակը չի ներում ստեղծագործությունների թիվը զգալիորեն մեծացնելու համար, այնուամենայնիվ, արվեստանոցին «հերթ հասնում է»:

Կոլաժների վարպետն ամուսնացած է: 2 զավակներից մեկը՝ 22-ամյա աղջիկը, հոր ուղին է բռնել: «Աղջիկս իմ գործերը չի հավանում, քննադատաբար է մոտենում, – կես ափսոսանքով, կես հպարտությամբ նշում է վարպետը, – բայց ես հավանում եմ իր գործերը»: Ու եթե Պ.Սևակի խոսքով՝ սերունդները խոսել սկսելիս զայրացնում էին ավագներին, ապա նկարիչը դա ժպիտով է ընդունում:

Անուշ Գալստյան

Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային փառատոնը

«Արմմոնո» մոնոներկայացումների 11-րդ փառատոնը, որը կանցկացվի ապրիլի 26-30-ը, այս տարի կունենա լեհական ուղղվածություն: Լեհական ծրագրում կներկայացվի ժամանակակից լեհական թատրոնը՝ ներառելով 5 ներկայացում: Հայաստանյան ծրագիրը կընդգրկի 12-13 ներկայացում, որոնք կներկայացնեն հայ բեմի վարպետները: Երիտասարդների համար այս տարի նախատեսված է «Արմմոնո դեբյուտ» ծրագիրը, որի համար կընտրվի 5-6 մասնակից:Image

«Մոնոներկայացումը յուրահատուկ ժանր է, որ հիմա գնալով ավելի ընդունված է դառնում աշխարհով մեկ: Համարյա բոլոր երկրներում կան մոնոփառատոններ: Բարդ ժանր է, քանզի այստեղ դու ես ու հանդիսատեսը և այն ոգին, մտքերը, որ ունես, անցնում է հանդիսատեսին: Դա ինտիմ և հոգեկան կապ է ստեղծում», – նշեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Արտասահմանյան ծրագրում հանդես կգան ներկայացուցիչներ Վրաստանից, Լիտվայից, Գերմանիայից և այլ երկրներից: Նշենք, որ գերմանացի ներկայացուցչի ներկայացումը հիմնված է իր հայազգի տատիկի՝ եղեռնի մասին պատմած հուշերի վրա: Գերմաներեն լեզվով բեմադրված ներկայացումը, որ «շրջել» է տարբեր երկրներ, Մեծ եղեռնին դարձյալ անդրադառնալու առիթ է: Եվս մեկ ծրագիր Գերմանիայից. հանրահայտ Լուսինե Խաչատրյանը ոչ միայն կխաղա մոնոներկայացում, այլև կնվագի:

«Արմմոնո» փառատոնի շրջանակներում կլինեն նաև քննարկումներ, կլոր սեղաններ և պրակտիկ վարպետաց դասեր ուսանողների հետ: Փառատոնն իրենց ներկայությամբ կպատվեն Գերմանիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Լիտվայի մոնոփառատոնների տնօրենները: Այս տարի ամռանը ևս, ինչպես նախորդ 4 տարիներին, փառատոնը կանցկացվի նաև ՀՀ մարզերում: Փառատոնի հիմնական աջակիցը մշակույթի նախարարությունն է:

Image

«Արմմոնո» փառատոնում, սակայն, չեն լինի մրցանակային տեղեր. «Փառատոնը տոն է, և բարդ է ստեղծագործողների համար որոշել՝ որն է ավելի լավը: Հետաքրքիր է շփման ընթացքում ցույց տալ այլ երկրի արվեստը, և մեր այն ներկայացումներն էլ, որ կտեսնեն ու կհավանեն իրենք, կհրավիրվեն այլ երկրներ, որտեղ, ինչու՞ չէ, կստանան մրցանակներ», – ասում է Մարիաննա Մխիթարյանը:

Նշենք, որ «Արմմոնո» առաջին փառատոնը մեկնարկել է 2003 թվականին, և հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Անուշ Գալստյան

Փայտացած ժամանակ

IMG_0774

Վերնիսաժը լի է տարատեսակ ու հետաքրքիր աշխատանքներով՝ ձեռագործ շախմատներ ու նարդիներ, կոլաժներ, նկարներ, փայտյա ծաղիկներ, տարբեր նյութերից պատրաստված հուշանվերներ, ասեղնագործ սփռոցներ, գորգեր,մետաղյա զարդեր, բնական քարեր…

Այս ամենի մեջ աչքի է զարնում ջութակի պրոֆիլ ունեցող մի ժամացույց: Հետարքիր է՝ վարպետը զբաղվու՞մ է կամ զբաղվե՞լ է երաժշտությամբ:
«Երիտասարդ տարիներիս բաս կիթառ էի նվագում, և ընկերներիս հետ ելույթ էինք ունենում տարբեր ակումբներում»,- պատմում է 56-ամյա Էդվարդ Առաքելյանը:

Դեռ դպրոցական տարիներից նա զբաղվել է փայտի փորագրությամբ, համագործակցել տարբեր խանութների և գեղարվեստական սրահների հետ: Մոտ 6 տարի աշխատել է Մոսկվայում, այնուհետեւ նաև Բուլղարիայում՝ որպես կահույքագործ:

Նա իր աշխատանքները ցուցադրում է Վերնիսաժում շուրջ 15 տարի՝ սկսած բացօթյա շուկայի բացման առաջին օրերից: Էդվարդի աշխատանքները արժեն 10-100 հազ. դրամ, որոնց գնորդները հիմնականում սփյուռքահայերն ու արտասահմանցի զբոսաշրջիկներն են, որոնք հաճախ ժամացույցները գնում են վերավաճառելու նպատակով:

Էդվարդ Առաքելյանը նաեւ անձնական պատվերներ է ընդունում: «Եղել են ամիսներ, երբ ընդհանրապես եկամուտ չեմ ունեցել,- ասում է նա,- այստեղ իմ աշխատանքների միայն մի մասն է ցուցադրված, ամբողջը ցուցադրելու համար տարածքը չի բավականացնում»:

Սեփական արհեստանոց չունենալու պատճառով նա աշխատում է իր տան նկուղում, որտեղ էլ կարելի է տեսնել իր գործերը: Այստեղ ոչ միայն ժամացույցներ են, այլև կահույքի տարբեր պարագաներ, զանազան դեկորներ:

Մելինե Սահակյան

«Մի կերպ «4» կդնեմ, եթե խոստանաս, որ ինժեներ չես դառնա»

Goga

Վարագույրը բացվում է: Երևանի Կամերային թատրոնի թերթապատ միջանցքներում աղմուկ է… ստեղծագործական աղմուկ: Իսկ փոքր դահլիճում երկու հանդիսատես վայելում է «մոնոներկայացում», որի հերոսը Գեորգի Ամիրագովն է: Մարդ, ով Կամերային թատրոնի ստեղծման օրվանից մինչ օրս դիմավորում ու ճանապարհում է տարբեր սերունդների՝ մնալով լավագույն ու առաջատար դերասաններից մեկը:

Դերասանական առաջին քայլերն սկսվեցին Երևանի Ալ.Պուշկինի անվան դպրոցում, որտեղ նա խաղում էր Վիգեն Չալդրանյանի բեմադրած «Դոն Գուան» ներկայացման գլխավոր դերում: Հետագայում՝ Պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետում սովորելու տարիներին էլ, ակտիվ մասնակցում էր ուսանողական միջոցառումներին: Հենց առաջին կուրսում առաջարկ ստացավ ընդգրկվելու «Տղամարդկանց ակումբ» ՈՒՀԱ թիմում, որի շրջանակներում էլ հյուրախաղերի մեկնեց  «7 կատակ Հայաստանի մասին» ներկայացմամբ:

«Ավարտական քննություններից մեկի ժամանակ թույլ էի պատասխանել և դասախոսս ասաց. «Մի կերպ «4» կդնեմ, եթե խոստանաս, որ ինժեներ չես դառնա»: Մինչ օրս կատարում եմ իմ խոստումը», – հպարտանալով կատակում է դերասանը:

Արդեն հստակորեն կողմնորոշվել էր ապագա մասնագիտության հարցում, ուստի 1979թ. ընդունվեց «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական բաժին՝ հայտնի ռեժիսոր Դմիտրի Քյոսայանցի ղեկավարած կուրսը:

Կամերային թատրոնի  նորոգման ժամանակ ծնվեցին ներկայիս «Կաբարե» և «Կառավարական համերգ» ներկայացումները, որոնք ուղեկցվում էին կենդանի երաժշտությամբ, ինչն էլ ապահովում էին հենց իրենք՝ դերասանները: 1982թ. թատրոնը պետական դառնալուց հետո Գեորգի Ամիրագովը խաղաց առաջին ներկայացման մեջ՝ «Պարոնայք…»: Դրան հաջորդեցին բազմաթիվ ներկայացումներ: Զուգահեռաբար նա Մոսկվայում վարում էր «Кабаре, все звезды» հաղորդումը և դրա հետ համատեղում թատրոնի հյուրախաղերը: 1986թ.-ից դերասանը սկսեց նկարահանվել ֆիլմերում՝ «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», «Ժամկետը 7 օր», «Արմենիկում ուպսա», «Երեք երեկո» և այլն:

Ստեղծագործական 30 տարիները ստացան իրենց գնահատականը. 2007թ. նա ստացավ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, իսկ 2008թ.` ՀՀ վաստակավոր դերասանի կոչում:

Մինչ օրս դերասանը խաղում է միայն Կամերային թատրոնում: Զավեշտալի և հիշարժան դեպքերը, ինչ խոսք, չեն շրջանցել նրան, հատկապես, որ Կամերային թատրոնի առանձնահատկություններից մեկը հանդիսատեսի և դերասանի միջև անմիջական կապն է: ««Կառավարական համերգ» ներկայացման ժամանակ բուլղարացի հյուրեր ունեինք, որոնք ներկայացման ժամանակ ինտենսիովորեն երգում էին մեզ հետ ու պարում»,–հիշում է Գեորգի Ամիրագովը:

Սիրելի դերերից առանձնացնում է Ներոնի կերպարը, որը իր միակ դրամատիկ դերն: Այսօր Գեորգի Ամիրագովը հանդիսատեսին ներկայանում է հիմնականում «Միսս Դժոխք» ներկայացմամբ՝ գլխավոր սատանայի դերում, որի ասելիքը շատ է կարևորում. «Երևանցիները կարծես վերջերս վերանում են: Մենք կարող ենք իրար խաբել, մրցույթներ անցկացնել, բայց վերջում կորցնում ենք Երևանի իսկական ձևը»:

Գնահատելով այսօրվա հայ թատրոնը՝ դերասանը նշում է. «Արդեն շատ բան սկսում է փոխվել, ինտերնետը կա, ինֆորմացիան շատ է, և դերասանները սկսել են դուրս գալ թատրոնի կորսետի միջից: Դրականն այն է, որ հիմա սկսել են ճկուն դառնալ: Կուզենայի՝ երիտասարդ դերասաններին մեծ հնարավորություններ տրվեն»:

Էլլա Նահապետյան, Անուշ Գալստյան

«Կինը. ուղերձ մեր թշնամուն»

Image

«Կինը» հայկական ոչ կոմերցիոն ֆիլմը փետրվարի 21-24-ին տեղի ունեցած լեհական «Zoom Zblizenia» (Զում Զբլիժենիա) փառատոնում ներկայացվել է փառատոնի 2-րդ փուլում «Պրոֆեսիոնալ անկախ ֆիլմ» անվանակարգում` ընդգրկվելով  451 ֆիլմերից 114-ի մեջ:

Ֆիլմը Արշակ Զաքարյանի առաջին գործն է և ստեղծված է սեփական միջոցներով: Ռեժիսորի խոսքերով՝ ֆիլմի նպատակն է թշնամուն հղել ուղերձ այն մասին, որ մարտում ընկած մեր զինվորներին այսօր փոխարինում են նրանց որդիները:

Ֆիլմի դրդապատճառների մասին ռեժիսոր Արշակ Զաքարյանը հավելեց. «Դժբախտաբար, այսօր հայ կինը սխալ է ներկայացվում աշխարհին մեր կինոարվեստի միջոցով, սակայն պետք է ներկայացնել հայ կնոջ առաքինի կերպարը»:

12 րոպե տևողությամբ խաղարկային ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա. մայրը զինվորական ծառայության է ուղարկում իր որդուն զոհված ամուսնու և եղբոր օրինակով, որոնք էլ դառնալու են տղայի պահապանները նրա ծառայության տարիներին:Image«Այսօր սահմանները խաղաղ չեն, վախ կա, բայց իմ որդուն էլ եմ ուղարկելու: Ոչ թե պետք է վախենալ, որ վատ բան կլինի, այլ մտածենք, որ մեր սահմանները մեր որդիներն են պահպանելու», –  նշեց ֆիլմի գլխավոր դերասանուհի Զառա Հակոբյանը, ով մարմնավորում է մոր կերպարը:

Ի դեպ, լեհական փառատոնի ժյուրիի առաջարկությամբ դահլիճը ծափահարել է նրան՝ իբրև փառատոնի լավագույն  դերասանուհու:

«Ֆիլմը միջազգային շուկա դուրս բերելը հայկական կինոն պրոպագանդելու նպատակ ունի», – նշեց ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի նախագահ Արտաշես Հովհաննիսյանը:

Նշենք նաև, որ 2011-12 թթ. հայկական 6-7-ական ֆիլմ ևս ներկայացվել են ՅՈւՆԵՍԿՕ-ին կից ստեղծված Ունիկայի փառատոններին:

Անուշ Գալստյան