«Մի կերպ «4» կդնեմ, եթե խոստանաս, որ ինժեներ չես դառնա»

Goga

Վարագույրը բացվում է: Երևանի Կամերային թատրոնի թերթապատ միջանցքներում աղմուկ է… ստեղծագործական աղմուկ: Իսկ փոքր դահլիճում երկու հանդիսատես վայելում է «մոնոներկայացում», որի հերոսը Գեորգի Ամիրագովն է: Մարդ, ով Կամերային թատրոնի ստեղծման օրվանից մինչ օրս դիմավորում ու ճանապարհում է տարբեր սերունդների՝ մնալով լավագույն ու առաջատար դերասաններից մեկը:

Դերասանական առաջին քայլերն սկսվեցին Երևանի Ալ.Պուշկինի անվան դպրոցում, որտեղ նա խաղում էր Վիգեն Չալդրանյանի բեմադրած «Դոն Գուան» ներկայացման գլխավոր դերում: Հետագայում՝ Պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետում սովորելու տարիներին էլ, ակտիվ մասնակցում էր ուսանողական միջոցառումներին: Հենց առաջին կուրսում առաջարկ ստացավ ընդգրկվելու «Տղամարդկանց ակումբ» ՈՒՀԱ թիմում, որի շրջանակներում էլ հյուրախաղերի մեկնեց  «7 կատակ Հայաստանի մասին» ներկայացմամբ:

«Ավարտական քննություններից մեկի ժամանակ թույլ էի պատասխանել և դասախոսս ասաց. «Մի կերպ «4» կդնեմ, եթե խոստանաս, որ ինժեներ չես դառնա»: Մինչ օրս կատարում եմ իմ խոստումը», – հպարտանալով կատակում է դերասանը:

Արդեն հստակորեն կողմնորոշվել էր ապագա մասնագիտության հարցում, ուստի 1979թ. ընդունվեց «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական բաժին՝ հայտնի ռեժիսոր Դմիտրի Քյոսայանցի ղեկավարած կուրսը:

Կամերային թատրոնի  նորոգման ժամանակ ծնվեցին ներկայիս «Կաբարե» և «Կառավարական համերգ» ներկայացումները, որոնք ուղեկցվում էին կենդանի երաժշտությամբ, ինչն էլ ապահովում էին հենց իրենք՝ դերասանները: 1982թ. թատրոնը պետական դառնալուց հետո Գեորգի Ամիրագովը խաղաց առաջին ներկայացման մեջ՝ «Պարոնայք…»: Դրան հաջորդեցին բազմաթիվ ներկայացումներ: Զուգահեռաբար նա Մոսկվայում վարում էր «Кабаре, все звезды» հաղորդումը և դրա հետ համատեղում թատրոնի հյուրախաղերը: 1986թ.-ից դերասանը սկսեց նկարահանվել ֆիլմերում՝ «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», «Ժամկետը 7 օր», «Արմենիկում ուպսա», «Երեք երեկո» և այլն:

Ստեղծագործական 30 տարիները ստացան իրենց գնահատականը. 2007թ. նա ստացավ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, իսկ 2008թ.` ՀՀ վաստակավոր դերասանի կոչում:

Մինչ օրս դերասանը խաղում է միայն Կամերային թատրոնում: Զավեշտալի և հիշարժան դեպքերը, ինչ խոսք, չեն շրջանցել նրան, հատկապես, որ Կամերային թատրոնի առանձնահատկություններից մեկը հանդիսատեսի և դերասանի միջև անմիջական կապն է: ««Կառավարական համերգ» ներկայացման ժամանակ բուլղարացի հյուրեր ունեինք, որոնք ներկայացման ժամանակ ինտենսիովորեն երգում էին մեզ հետ ու պարում»,–հիշում է Գեորգի Ամիրագովը:

Սիրելի դերերից առանձնացնում է Ներոնի կերպարը, որը իր միակ դրամատիկ դերն: Այսօր Գեորգի Ամիրագովը հանդիսատեսին ներկայանում է հիմնականում «Միսս Դժոխք» ներկայացմամբ՝ գլխավոր սատանայի դերում, որի ասելիքը շատ է կարևորում. «Երևանցիները կարծես վերջերս վերանում են: Մենք կարող ենք իրար խաբել, մրցույթներ անցկացնել, բայց վերջում կորցնում ենք Երևանի իսկական ձևը»:

Գնահատելով այսօրվա հայ թատրոնը՝ դերասանը նշում է. «Արդեն շատ բան սկսում է փոխվել, ինտերնետը կա, ինֆորմացիան շատ է, և դերասանները սկսել են դուրս գալ թատրոնի կորսետի միջից: Դրականն այն է, որ հիմա սկսել են ճկուն դառնալ: Կուզենայի՝ երիտասարդ դերասաններին մեծ հնարավորություններ տրվեն»:

Էլլա Նահապետյան, Անուշ Գալստյան

Advertisements